Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում: Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուրս է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝ -Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝ — Է՜է՜հ, չէ մի չէ … Ես ծտի գլխի որդերը շարժվում են. -Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում: Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում: Էս այծին թե՝ -Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ: Էս այծը թե՝ -Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:
II
Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝ -Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ: Հովիվը թե՝ -Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ: Էս ճուտն էլ թե՝ -Դե լա՜վ, կտեսնես: Ու թռչում գնում է: Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում. -Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ: Էս մարդը թե՝ -Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ: Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում. -Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ: Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝ -Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:
III
Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է. -Փիսի՛կ, փիսի՛կ: -Մյաո՜ւ, ի՞նչ… -Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ: Էս կատուն թե՝ -Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ: -Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ: Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում: Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում. Ծիտն եմ, ծիտն եմ, Ծտի ճուտն եմ: Մոր բերած եմ: Հոր պահած եմ: Անուշ քրոջ թռցրած եմ, Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:
մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»: Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»:
2. Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը: Էս էն է Ծիտը
Մի գյուղում ապրում էր մի տղա՝ Մարկոս անունով, որի մասին բոլորը ասում էին․ «Էս Մարկոսը էշի ականջում քնած է»։ Ոչ թե որովհետև նա իրականում որևէ էշի ականջում էր քնում, այլ որովհետև միշտ ուշ էր նկատում այն, ինչն ուրիշներին վաղուց պարզ էր։ Մի օր գյուղում լուր տարածվեց, թե բլրի վրա թաքնված գանձ կա։ Բոլորը վազեցին այն գտնելու, իսկ Մարկոսը քայլում էր շատ հանգիստ։ Երբ մյուսները դատարկ ձեռքով վերադարձան, նա ժայռի տակ մի փոքրիկ տուփ նկատեց։ Եվ պարզվեց, որ հենց դա է գանձը։ Դրանից հետո բոլորը հասկացան, որ պետք չէ Մարկոսին այդպես անվանել, և նրան ընդունեցին որպես հանգիստ և հավասարակշռված մարդ։
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե` – Ախպերացու, էս ի՞նչ է: Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում. – Էշի ձու: Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս. – Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛… Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում. – Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք: Կինն ասում է. – Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու: Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե` – Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
Հարցերևառաջադրանքներ
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: հալիվոր – ալևոր, ծերունի դադրած – հոգնել
2. Շարունակի՛ր նախադասությունները. Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում։ Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ:
3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին: Հեքիաթի ծերունին շատ միամիտ էր և ամեն ինչի հավատում էր։
4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը. Էշի բեռն ինչքան մեծ լինի, այնքան արագ կգնա:
5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են: Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ մի գցիր: Ուղտը մոտիկ է արածում, համա հեռու է տեսնում: Էշը էշ է, բայց քարավանի առաջին է գնում: էշի բեռը ինչքան ծանր լինի, այնքան արագ կգնա: Երկու դռան շունը սոված կմնա:
Մի օր վարունգը, լոլիկը, գազարը, կաղամբն ու ծաղկակաղամբը ժողով արեցին։ Նրանք վիճում էին, թե ով է իրենցից ամենահամեղը։ Եվ ահա մի օր մի տատիկ եկավ շուկա և գնեց բոլոր բանջարեղեններից։ Տատիկը նրանց տարավ տուն, լավ լվաց, կտրտեց, գեղեցիկ դասավորեց, որպեսզի թթու պատրաստի։ Անցավ կարճ ժամանակ, և ահա, թթուն պատրաստ էր։ Մարդիկ հավաքվեցին և փորձեցին տատիկի պատրաստած թթուն։ Բոլորը շատ հավանեցին այն։ Այդ օրվանից այս բոլոր բանջարեղենները հասկացան, որ իրենք բոլորն էլ շատ համեղ են և կարևոր։ Եվ մինչև այսօր նրանք բոլորը ապրում են կողք կողքի՝ հաշտ ու համերաշխ։
Լինում է, չի լինում մի տղա է լինում։ Եվ միշտ նրա կողքին լինում էր հայկական լավաշը։ Տղան շատ էր սիրում ճամփորդել և միշտ անցնում էր ամենահետաքրքիր արկածների միջով։ Մի օր նա որոշեց գնալ Սևաբերդ և նոր արկածներ բացահայտել։ Նա չէր մոռացել իր հայկական լավաշը, և քանի որ նա երկար ճանապարհ էր անցնելու և գիտեր՝ երբ սովածանա լավաշն իրեն կփրկի։ Ճանապարհին նա մի խանութ հանդիպեց, որտեղ վաճառում էին հայկական պանիր։ Տղան մի կտոր պանիր գնեց, գտավ մի հարմար ծառ, նստեց նրա տակ, պայուսակից հանեց լավաշը և պանիրը, պատրաստեց համեղ բրդուճներ ու հաճույքով կերավ։ Այդ ճամփորդությունից հետո տղան միշտ իր հետ լավաշ էր վերցնում և ճանապարհին հանդիպող բոլորին հյուրասիրում էր։ Եվ ահա այսպես էլ հայկական լավաշը ճանաչվեց ամբողջ աշխհարում և շա՜տ հետաքրքիր արկածներ ունեցավ տղայի հետ։
Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։
Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.
— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:
Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.
— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:
Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
Գրտնակը խմորը բացող հարթ փայտիկ է, որով բարակեցնում են խմորը: Հայկական խոհանոցում այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, առանց որի անհնար է թխել հայոց նրբահամ լավաշը:
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս
աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:
Թոնիրը որպես ջեռոց, ջերմամշակման գործիք՝ հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Այն, ինչ պատրաստվում է կճուճեղենում ու գետնի մեջ փորված թոնրում, հայկական ծագում ունի։ Գետնափոր թոնիր ունեցել են միայն հայերը։ Թոնիրը տարբեր ազգեր են փոխառել հայերից, սակայն դրա ծիսական նշանակությանը տեղյակ են միայն հայերը: Հայերը թոնիր օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ: Արևապաշտության շրջանում թոնիրը համարվել է Արևի խորհրդանիշը Երկրի վրա: Հեթանոս հայերը թոնիրը նմանեցրել են գետին մտնող՝ մայր մտնող արևի հետ։ Հայ կանայք ամեն անգամ հաց թխելիս կամ կերակուր պատրաստելիս խոնարհվել են նրա առաջ, որը նշանակել է նաև խոնարհում աստվածության առջև:
Ավանդական ընտանիքներում թոնիրը միշտ նույնացվել է օջախի հետ: Գաղտնիք չէ, որ հնում հայ գերդաստանը ապրել է մի հարկի տակ, որի մեծ սենյակի կենտրոնում, որպես կանոն, եղել է թոնիրը: Թոնրի մոտ ամուսնանում էին, երեխա կնքում, նրա շուրջը հավաքվում թե՛ ճաշի ժամին, թե՛ հավաքույթների, թե՛ հանգստի ժամանակ:
Գայլն անտառից Փախավ գեղը. — Նեղն եմ, նեղը, Ասավ կատվին, Ասլան բալա, Քո հոր պատվին Մի ճար արա: Մի տես հլա, Որսորդ ու շուն, Թազի, թուլա Միսս են կրծում, Ինձ հալածում: Ա՛յ կտրվի Դրանց հոտը, Մի մարդ ցույց տուր Պահվեմ մոտը: — Ա՛յ ցեղակից, — գոչեց կատուն, Գնա մտիր Մարոյենց տուն. Նա չափազանց բարի կին է: — Ես էլ գիտեմ, որ անգին է, Բայց որ նրա հորթն եմ կերել… — Բկիդ կանգներ, լավ չես արել: Ա՛յ Դավթի մոտ կուզե՞ս կանչեմ: — Նրանցից էլ ես կամաչեմ, Հենց ամառը Կերա Դավթի փոքրիկ գառը… — Ո՞ւմ ասեմ էլ… Հա, մեր Զաքին: — Էս գարնանն էլ Նրա մաքին… — Ո՞վ մնաց էլ, Հա՜, երեցը: — Էս աշնանն էլ Նրա էծը… — Ա՛յ, դու ուտես Չոռի մեծը: Քանի՞սն եղավ Հի՜նգը… վե՜ցը… Ա՛յ անամոթ, Ի՞նչ երեսով Դու գյուղ մտար, Ի՞նչ է, ուրիշ Տեղ չգտա՞ր: Գյուղն հիմա՞ր է, Որ թշնամուն Պատսպարե: Ով ինչ բրթի, Էն կխրթի:
նեղնեմ — նեղության մեջ եմ ասլանբալա— առյուծի ձագ ճար — հնար, միջոց, օգնություն թազի — շուն թուլա — շան ձագ երեց — ավագ քահանա, մեծավոր պահվել — թաքնվել չոռ — ցավ, հիվանդություն խրթել — ուտել, խժռել մաքի — ոչխար պատսպարե — մնալու, ապրելու, թաքնվելու տեղ տա
Ի՞նչ է նշանակում.
նեղն եմ նշանակում է նեղության մեջ եմ միսս են կրծում հալածել կտրվի դրանց հոտը թող կորչեն ի՞նչ երեսով գյուղ մտար ինչ համարձակությամբ եկել ես գյուղ
Կարո՞ղ ես թվարկել գայլի կերած կենդանիներին: Մարոյենց հորթը Դավթի փոքրիկ գառը Զաքիի մաքին Երեցի էծը
Այնպես պատմիր այս գայլի մասին, որ որևէ մեկը նրան տուն թողնի: Գայլը սոված եկավ գյուղ։ Նա շատ տխուր էր։ Գայլն ասաց. — Ես նախկինում սխալ եմ արել, բայց հիմա ուզում եմ միայն մի անկյուն ու մի կտոր հաց, ես ոչ ոքի չեմ վախեցնի։ Տան մարդիկ տեսան, որ նա լավն է դարձել, փոխվել է։ Եվ քանի որ տան տերերը շատ բարի մարդիկ էին, գայլին թույլ տվեցին մնալ։
Հիմա էլ հակառակն արա. այնպես պատմիր գայլի մասին, որ ոչ ոք նրան չընդունի: Գայլը եկավ գյուղ։ Նա շատ սոված էր ու չար աչքեր ուներ։ Նա ասաց. — Ես ուզում եմ ուտել ու մնալ այստեղ, բայց ոչ ոքի չեմ ների, ով ինձ ներս չթողնի։ Տան մարդիկ տեսան նրա ատամները և վախեցան։ Նրանք հասկացան, որ գայլը շատ վտանգավոր է, ու ոչ ոք նրան տուն չթողեց։
Ես սեբաստացի եմ, որովհետև իմ դպրոցական ճանապարհը սկսել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մեր ընտանիքում ևս կան սեբաստացիներ՝ քույրս և եղբայրս։ Եվ հենց նրանց տեսնելով՝ ես էլ ընտրեցի այս կրթահամալիրը։ Դպրոց եմ հաճախել այն տարիներին, երբ ամեն օր նոր բան էի ստեղծում, սովորում ու բացահայտում։ Իսկական սեբաստացին, իմ կարծիքով, պետք է լինի ստեղծագործ, ինքնուրույն ու խիզախ։ Եվ ես կարծում եմ, որ ես հենց այդպիսին եմ։ Սեբաստացի լինելը ինձ համար արժեք է։ Այս միջավայրում ձևավորվում ես որպես անձ, ոչ թե պարզապես որպես աշակերտ։ Սեբաստացի ուսւոցչուհին աշխարհի ամենալավ ուսուցչուհին է։ Նա մեր ընկերն է և մեր երկրորդ մայրը։ Նա մեզ համար օրինակ է։ Իսկ նրա դասարանում սովորելը ուղղակի հաճույք է։ Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչների և իմ կրթահամալիրը։